Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Առաջատարներից վրիպեց միայն «Յուվենտուսը»

Առաջատարներից վրիպեց միայն «Յուվենտուսը»
21.10.2014 | 12:46

Այսօր, վաղը և մյուս օրը Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խմբայինների հերթական հանդիպումներն են: Դրանցում, բնականաբար, ներկայացված են եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջատար ակումբները, որոնք անցած հանգստյան օրերին անցկացրին իրենց ներքին առաջնությունների հերթական տուրի խաղերը: Թե նրանցից ով ինչում հաջողեց ու որքան հաջողեց, ներկայացնում ենք մեր համառոտ տեսությունում՝ այդ ամենը դիտարկելով առաջին եռյակը կազմողների կտրվածքով:


ԻՍՊԱՆԻԱ
Առաջնության ութերորդ տուրը հարթ անցան թե «Բարսելոնը», թե Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Կատալոնցիները Չավիի, Նեյմարի, Մեսիի միացյալ ջանքերով երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթեցին «Էյբարին»: Շատ ավելի գոլառատ եղավ արքայական ակումբի հանդիպումը Բիլբաոյի «Աթլետիկի» հետ՝ անպատասխան հինգ գնդակ, որից երեքը` Ռոնալդուի, երկուսը` Բենզեմայի կատարմամբ: «Աթլետիկոն» անհամեմատ համեստ եղավ խփած գոլերի կտրվածքով՝ երկու անպատասխան գնդակ «Էսպանյոլի» հետ խաղում:
Արդ՝ ի՞նչ տվեցին կողմերին այս հանդիպումները: «Բարսելոնը» քսաներկու միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը, տասնութով «Ռեալը» մաս կազմեց առաջատար եռյակի, տասնյոթով «Աթլետիկոն» հանգրվանեց հինգերորդ հորիզոնականում: Շնորհիվ արտագնա խաղում «Էլչեի» նկատմամբ տոնած հաղթանակի (2:0), «Սևիլիան» ոչ միայն մնաց առաջին եռյակում, այլև մի աստիճան վեր բարձրացավ, իսկ ահա «Վալենսիան», որին մինչ այս անծանոթ էր պարտության դառնահամն ու տասնյոթ միավորով երկրորդն էր, 0:3 հաշվով անսպասելի պարտություն կրեց աղյուսակը եզրափակողներից մեկից՝ «Դեպորտիվոյից»՝ մատուցելով չափից դուրս տհաճ անակնկալ: Ռմբարկուների աղյուսակում առաջինը Ռոնալդուն է տասնհինգ գնդակով, նույնքան գոլ ունեն խփած Նեյմարն ու Մեսին, սակայն միացյալ ջանքերով:

ԳԵՐՄԱՆԻԱ
Գոլային անզուսպ ծարավով աչքի ընկավ և բունդեսլիգայի միանձնյա առաջատարը՝ Մյունխենի «Բավարիան», որը նույնպես չոր պահեց սեփական դարպասը՝ վեց անգամ «Վերդերին» հարկադրելով գնդակը հանել դարպասից: Արտագնա խաղում «Հանովերի» նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակը Մյոնխենգլադբախի «Բորուսիային» հնարավորություն տվեց տասնվեց միավորով մնալու առաջին եռյակում, ում այստեղ մաս կազմեց սեփական դաշտում երեք միավոր վաստակած «Մայնցը» (պարտության է մատնել «Աուգսբուրգին»՝ 2:1):
Նորից «անհամ» խաղ ցուցադրեց Դորտմունդի «Բորուսիան»՝ այս անգամ զիջելով «Քյոլնին»՝ 1:2: Դորտմունդցիների խաղում միակ ուրախալին մեր Հենրիխ Մխիթարյանի խաղադաշտ դուրս գալն էր տևական ընդմիջումից հետո: Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում, խաղացել է վաթսունութ րոպե: Ինչ վերաբերում է ռմբարկուների աղյուսակին, վեց գնդակով առաջին տեղում Մարիո Գյոտցեն է (Մյունխենի «Բավարիա»):


ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենի» հաղթանակին (արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության է մատնել «Լանսին») հաղթանակով պատասխանեց առաջնության միանձնյա առաջատարը՝ «Մարսելը», որն արդեն ունի քսանհինգ միավոր ու ամբողջ յոթով առաջ է պոկվել նույն ՊՍԺ-ի հետ տասնութ միավոր ունեցող «Բորդոյից» (սեփական հարկի տակ 1:1 է խաղացել «Կաննի» հետ): Ռմբարկուների ցուցակում առաջինը շարունակում է մնալ Անդրե-Պիեռ Ժինյակը, ով վերջին խաղում նույնպես գոլ է հեղինակել ու անվան դիմաց ունի գրանցած տասը գնդակ:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայում շարունակում է հիացնել Լոնդոնի «Չելսին»՝ տարբերություն չդնելով, թե որտեղ է խաղում: Մոուրինյոյի սաների վերջին զոհը «Կրիստալ Պելասն» էր՝ 2։1: Հաղթանակով ավարտեց հանդիպումը և «Մանչեստր Սիթին» (4:1), որի մրցակիցը «Տոտենհեմն» էր: Չորս գոլի հեղինակ է դարձել Սերխիո Ագուերոն, որից երկուսը՝ տասնմեկմետրանոցից: Ի դեպ՝ այս հանդիպման ժամանակ ևս երկու տասնմեկմետրանոց է նշանակվել, ու դրանք չեն իրացրել նույն Ագուերոն ու Ռոբերտո Սոլդադոն («Տոտենհեմ»): Նախորդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո «Սաուտհեմպտոնը» իսկական մահվան բաղնիք սարքեց «Սանդերլենդի» գլխին՝ հաղթելով 8:0 գերխոշոր հաշվով ու պահպանելով երրորդ տեղն առաջին եռյակում: Թիմի անվան դիմաց տասնվեց միավոր է: Նրանից ընդամենը մեկ միավոր ավելի ունի «Մանչեստր Սիթին», որն իր հերթին «Չելսիից» հետ է յոթ միավորով: Ինչ վերաբերում է ռմբարկուներին, ինը գնդակով առջևում են վերջին տուրը բաց թողած Դիեգո Կոստան («Չելսի») ու Ագուերոն:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետոյի յոթերորդ տուրը թերևս առավել հետաքրքրական էր նրանով, որ առաջին միավորները կորցրեց «Յուվենտուսը»՝ հյուրընկալվելիս 1:1 խաղալով աղյուսակը եզրափակող «Սասուոլոյի» հետ: Բնականաբար դա խոշոր նվեր էր «Ռոմայի» համար, որը ձեռքից բաց չթողեց հերթական երեք միավորը վաստակելու հնարավորությունը՝ 3:0 հաշվով հաղթելով «Կիևոյին»: Այժմ «Յուվենտուսին» ու «Ռոմային» իրարից բաժանում է մեկ միավոր: Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականում գտնվող թիմին, այն կրկին «Սամպդորիան» է, որն արտագնա խաղում բավարարվել է մեկ միավոր վաստակելով՝ 2:2 խաղալով «Կալյարիի» հետ: Իսկ ռմբարկուները երեքն են՝ Խոսե Կալիեխոնը («Նապոլի»), Կեյսուկե Հոնդան («Միլան»), Կառլոս Տևեսը («Յուվենտուս»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ